ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Բելառուս փրկարարները Բելառուսի և Լեհաստանի սահմանին փախստականների տարերային ճամբարում սկսել են վրաններ տեղադրելու հատված կահավորել, որտեղ միգրանտները կարող են տաքանալ և սնվել, իսկ էներգետիկները էլեկտրոգեներատոր են բերել, փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր փախստականների ճամբարում վրաններ տեղադրել, որտեղ կկերակրեն երեխաներին և կբաշխեն մարդասիրական օգնությունը:
Ներկայում փրկարարները մաքրում են տարածքը, ճամբարում աշխատում են նաև հասարակական կազմակերպությունների, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ և կամավորներ: Սպասվում է, որ այդ վրաններում կանայք և երեխաները կկարողանան տաքանալ, այնտեղ նաև կկերակրեն երեխաներին, փախստականներին մարդասիրական օգնություն կտրամադրեն և բժշկական օգնություն կցուցաբերեն:
Բացի այդ, ճամբար են բերվել էլեկտրոգեներատոր և սեղաններ՝ միգրանտների սնունդը կազմակերպելու համար:
Նոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստանի հետ սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել Գրոդենսկի մարզի «Բրուզգի» սահմանային անցակետի մոտակայքում։
Լեհաստանի ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել՝ Բելառուսից ժամանողներին փախստական չեն համարում, միգրանտներն էլ իրենց հերթին արգելապատնեշները հաղթահարելու փորձ են արել։
Բելառուսում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այս շաբաթ այցելել է տարերային ճամբար, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված իրավիճակն աղետալի է։