ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում անցած գիշերը` ժամը 02։00-02։30-ի սահմաններում, գայլերի ոհմակ է հայտնվել։ shamshyan.com կայքը հայտնում է, որ 65-ամյա Հայկ Մարտիրոսյանի տան բակում գյուղացիները հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ։
Գյուղացիների աղմուկի վրա գայլերը փախել են։ Իսկ առավոտյան սատկած գառներ ու ոչխարներ են հայտնաբերել նաև Մարտիրոսյանի տնից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։ Ընդհանուր առմամբ, գայլերը սատկացրել են 170 կենդանու, ևս 80 կենդանու` վիրավորել։ Գյուղացու բազմանդամ ընտանիքը շուրջ 40 000 ԱՄն դոլարի վնաս է կրել։
Կայքին գյուղի անասնաբույժն ասել է, որ վիրավոր ոչխաների ու գառների կոկորդները ծակված են, ու թեև անհրաժեշտ օգնություն են ցույց տվել, բայց դրանք թերևս չեն ապրի։
Գյուղապետի տեղակալ Համլետ Հակոբյանն էլ պատմել է, որ տուժած քաղաքացին ու իր երկու եղբայրները վարկ էին վերցրել ու տանջանքով կարողացել նման տնտեսություն ստեղծել, ու հիմա ամեն ինչ, նրա խոսքով, ջուրը լցվեց։