ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նա ծաղիկներ է խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ։ ԱԳՆ մամուլի ծառայությունն այդ մասին վկայող տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: Ֆրանսիայում Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը։ Կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը ։
Համանախագահները նաև կարևորել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու հարցերը։