ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդը) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպության։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ստամբուլում կայացած կազմակերպության 8-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ կազմակերպության անվանափոխումն ու վերակազմավորումը կհանգեցնի ավելի ինտենսիվ զարգացման:
Նրա խոսքով՝ թյուրքական երկրները հազարամյակներ շարունակ «եղել են մշակույթի ու քաղաքակրթության կենտրոն», և «Արևը նորից արևելքից է ծագելու»:
«Թյուրքական պետությունների կազմակերպությունը չպետք է ոչ մեկին անհանգստացնի։ Ընդհակառակը, պետք է ձգտել դառնալ պատմական ընդհանրության վրա հիմնված այդ կառույցի մի մասը։ Դա միջպետական կապերի զարգացման հարթակ է», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նշել է, որ հաստատելով թյուրքական աշխարհի հայեցակարգը մինչև 2040 թվականը, գագաթնաժողովի մասնակիցները որոշել են թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման հեռանկարները։
«Կանաչ տեխնոլոգիաները և խելացի քաղաքները թվային դարաշրջանում» խորագրով գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահներն ու Հունգարիայի վարչապետը:
2009 թվականի հոկտեմբերին ստեղծված Թուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետություններին, որի գլխավոր նպատակը դրանց միջև համակողմանի համագործակցության զարգացումն է: Դրա կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որպես դիտորդ մասնակցում է նաև Հունգարիան: