Սարգսյանը Լազարյանի հետ քննարկել է մասնավոր և պետական սեկտորների համագործակցության հարցը

Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին
ՀՀ նախագահը խրախուսել է Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի համագործակցությունը Հայաստանի պետական գերատեսչությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանի հետ քննարկել է մասնավոր ու պետական սեկտորների համագործակցության հեռանկարների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Լազարյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի վերլուծության, ֆինանսական հաշվետվությունների ստեղծման ոլորտներում:
«Նախագահը զրուցակցի հետ քննարկել է Հայաստանում Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, Սարգսյանը խրախուսել է կենտրոնի համագործակցությունը Հայաստանի պետական գերատեսչությունների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի վերջին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: Լազարյանը, որը գագաթնաժողովի մասնակիցներից էր, ընդգծել է, որ նման մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր է երկիրը ներկայացնելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ 2021-ի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալեց միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»): Այս տարվա հիմնական թեմաները վերաբերում էին հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: