ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի: Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1834-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում։
Նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:
Հավելենք, որ մինչ այս արգելված էին երկարատև տեսակցությունները։