Քանաքեռի սպանությունների գործով ձերբակալվել է 5 անձ․ 4–ը նախկին պատգամավորի որդիներն են

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է ակտիվ գործողություններ կատարել դեպքի հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 16-րդ փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 անձի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 5-ի։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ձերբակալվածներն արդեն 5-ն են։ Երեկ հիվանդանոցում ձերբակալվել է ևս 1 երիտասարդ՝ 19-ամյա Գևորգ Ջաբուրյանը»,–ասաց Թադևոսյանը։

Նա նշեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ձերբակալվածներից 4-ը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիներն են։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ժամը 02։50-ի սահմաններում։
Քանաքեռի 16–րդ փողոցի տներից մեկի բակում հնչած կրակոցներից հետո այնտեղ հայտնաբերվել է 43 և 47 տարեկան 2 տղամարդու դի, ինչպես նաև 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ։
Հայտնի է` ովքեր են մահացել Քանաքեռի կրակոցներից. նրանցից մեկը նախկին պատգամավոր է
Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանն էր՝ «Քանաքեռցի Տույը», իսկ մյուսը` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, որը հայտնի է որպես Տյուշ։
Նույն հասցեից 4 անձ հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: 2–ը հիվանդանոցում մահացել են։
Սպանություններ Երևանում. մահացածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն» է
Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանություն), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նախաքննությունը շարունակվում է։