Սյունիքի Գորիս–Կապան`ադրբեջանցիների կողմից փակված ավտոճանապարհի այլընտրանքային` Խոտից Որոտան գրունտային ճանապարհը ներկա պահին ակտիվորեն վերանորոգվում է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն արձանագրել է, որ մինչ հողային աշխատանքներ են իրականացվում, նախկին նեղ ճանապարհը կրկնակի լայնացվում է։
Դեպի Որոտան ճանապարհի 10 կմ-անոց ճանապարհից 6 կմ–ն արդեն ընդլայնվել ու հարթեցվել է։ Այդուհանդերձ, այլընտրանքային ճանապարհի մնացած մասը դեռ դժվարանցանելի է։ Այն հասանելի է միայն ամենագնաց ավտոմեքենաների համար։
Շինարարներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ իրենց խնդիրն է հնարավորինս շուտ ավարտել աշխատանքները։
Գորիս-Կապան ճանապարհից օգտվում են միայն այն իրանական բեռնատարները, որոնք պատրաստ են վճարել ադրբեջանական մաքսակետում պահանջվող տուրքը։
Մնացած բոլոր բեռնատարներին Գորիս-Տաթև խաչմերուկում ոստիկաններն ուղղորդում են դեպի Տաթև` նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհ։