Ուսուցման առկա տարբերակն ավելի նախընտրելի է, բայց սա այն հարցն է, որ դժվար է ասել, թե վարակվածության ինչ աստիճանի կարող է հասնել։ Եթե լիներ ընդհանուր «լոքդաուն», փակվեին բոլոր հիմնարկները, գործարանները, ապա իմաստ կլիներ նաև կրթական հաստատությունները փակելու մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթական հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանը։
«Եթե աշխատում են հիմնարկները, հասարակական տրանսպորտի միջոցները, մասնավոր ու պետական ձեռնարկությունները, ապա այդ համատեքստում միայն բուհերի, դպրոցների փակումը վնասում է կրթությանը։ Մասնավորապես հանրակրթական դպրոցներում տվեցին մեկ շաբաթ ավել արձակուրդ` փոխարենն ասելով, որ կկրճատեն ամառային կամ ձմեռային արձակուրդները։ Պետք է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել, մինչդեռ ուսումնական հաստատությունների փակումը ցույց տվեց, որ կառավարումն իրավիճակային է, խորքային ռազմավարական կառավարում չի իրականացվում»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Սողոմոնյանի դիտարկմամբ` սկզբում անցանք հեռավար ուսուցման, հետո կրկին վերադարձանք առկա եղանակին և պարզվեց, որ տվյալների հիման վրա վերլուծություն չի արվում և որոշումները կայացվում են էմոցիոնալ ֆոնի վրա։ Ըստ նրա` ուսումնական հաստատություններում հատկապես ֆիզիկական դաստիարակությանը նայում են մատների արանքով, այն մշտապես լուրջ հիմքերի վրա չի դրվել, պետության կողմից տասնամյակներ շարունակ չի տարվել այնպիսի քաղաքականություն, որ դա մարդկանց մոտ դառնա մշակույթ։
Կրթական հարցերի փորձագետի համոզմամբ` համավարակի պայմաններում կրթական հաստատությունների փակումը բացասաբար է ազդում երիտասարդ սերնդի ֆիզիկական պատրաստվածության վրա։ Եթե մայրաքաղաքում դպրոցների փակումը խտության տեսանկյունից ինչ–որ տեղ արդարացված էր, ապա նույնը չի կարելի ասել գյուղական համայնքների վերաբերյալ, որտեղ շատ կան քիչ աշակերտներ ունեցող դպրոցներ, այսինքն` տեղին չէր նույն ստանդարտիզացված վերաբերմունքն ու մոտեցումները, ինչպես նաև նույն նորմատիվային հրամանները կիրառել գյուղական դպրոցներում։
Հիշեցնենք` ավելի վաղ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԿԳՄՍՆ–ը որոշում էր կայացրել 1 շաբաթով երկարացնել դպրոցականների աշնանային արձակուրդները` մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։ Իսկ բուհերն անցել էին հեռավար ուսուցման։