«Երևանը՝ քո գրպանում». նոր գիրք-ուղեցույց ռուս զբոսաշրջիկների համար

Գիրք-ուղեցույցում ներկայացված են քարտեզներ, անհրաժեշտ զբոսաշրջային հասցեներ, հեռախոսահամարներ: Որոշ բաժիններ ներկայացված են QR կոդերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ «Երևանը` քո գրպանում» ռուսերեն գիրք-ուղեցույցի շնորհանդեսը: Տեղեկությունը հայտնում են ՄՄԳԿ մամուլի ծառայությունից։
Ռուս զբոսաշրջիկները ապահովում են Հայաստանի զբոսաշրջային եկամուտների կեսը
Գիրք-ուղեցույցում կարելի է գտնել, թե որոնք են Երևանի տեսարժան վայրերը, թանգարաններն ու թատրոնները, ծանոթանալ մայրաքաղաքի պատմությանն ու ճարտարապետությանը։
Քանի որ ռուս զբոսաշրջիկները տարեցտարի ավելի շատ են այցելում Երևան, այդ պատճառով քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նախաձեռնել է ռուսերենով նման ուղեցույցի կազմման և տպագրման աշխատանքներ:

«Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում ստեղծեցինք նման գիրք-ուղեցույց, որը կօգնի կողմնորոշվել Երևանում, իմանալ պատմական, մշակութային վայրերը: Այն կարող է դառնալ անփոխարինելի օգնական ռուսախոս զբոսաշրջիկների համար»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մասնակցել է ուղեցույցի խմբագրման և լրակազմման աշխատանքներին։
«Այս ուղեցույցը ստեղծվել է Երևանի և Մոսկվայի քաղաքապետարանների գործակցության արդյունքում: Ուրախ ենք, որ համատեղ կարողացել ենք նման օգտակար աշխատանք ստեղծել, որը կօգնի ռուսալեզու զբոսաշրջիկներին Երևանի և քաղաքի պատմության մասին իմանալ ամբողջական, ճշգրիտ տեղեկատվություն»,- նշել է «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Գիրք-ուղեցույցի շնորհանդեսին ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքում գործող թանգարանների, հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ:
Հայաստանին զանգվածային զբոսաշրջություն պետք չէ՞․ փորձագետների կարծիքները համընկնում են
«Երևանը քո գրպանում» ուղեցույցը պարունակում է հակիրճ տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, պանթեոնների, թանգարանների, ժամանցի վայրերի, սպորտային համալիրների, հրապարակների և այգիների, համալսարանների, դեսպանատների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների և այլ տեսարժան վայրերի մասին: Ուղեգրքում ներկայացված են քարտեզներ, անհրաժեշտ զբոսաշրջային հասցեներ, հեռախոսահամարներ: Որոշ բաժիններ ներկայացված են QR կոդերով: