Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտարարել է, որ բելառուսա-լեհական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, միգրանտների նոր խմբեր են ժամանում:
«Նոյեմբերի 12-ի ժամը 11-ի սահմաններում արձանագրվել է փախստականների մեծաթիվ խմբի տեղափոխում պետական սահմանի երկայնքով դեպի տարերային ճամբար»,- Sputnik Բելառուսին հայտնել են Պետական սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունից։
Բավական ցուրտ եղանակի պատճառով փախստականներն ավելի հաճախ են դիմում բուժօգնության, ճամբարի մոտ շուրջօրյա հերթապահում են բժշկական բրիգադները։ Ճամբարին մարդասիրական օգնություն է հասցվում հասարակական կազմակերպությունների և կամավորների կողմից։
Բելառուսի սահմանապահ կոմիտեն գրում է, որ լեհ զինծառայողները շարունակում են հոգեբանական ազդեցություն ունենալ փախստականների վրա, օգտագործում են բարձրախոսներ, լուսարձակներ, ինչպես նաև անտեսում են այն մարդկանց օգնության խնդրանքը, որոնք գտնվում են լեհական տարածքում՝ անմիջապես պատնեշների մոտ:
Ավելի վաղ լեհական ոստիկանությունը հայտարարել էր, որ բելառուս զինվորականներն իբր փորձել են ուժով Լեհաստանի տարածք վտարել 35 անօրինական ներգաղթյալի: Հիմնականում եղել են կանայք և երեխաներ։
Բելառուսական կողմը նշում է, որ իրականում մի խումբ փախստականներ ճամբարից, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ընդհուպ մոտեցել են լեհական պատնեշներին, որպեսզի հերթական անգամ դիմեն Լեհաստանում պաշտպանության տրամադրման համար: Սակայն լեհական կողմը օգնության փոխարեն շարունակել է անտարբեր կերպով փախստականների խմբին նկարահանել տեսախցիկով:
Նոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստան-Բելառուս սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել։ Այս ամենի ֆոնին ավելի վաղ թուրքական ավիափոխադրողի հասցեին մեղադրանքներ են հնչել՝ ապօրինի միգրանտներին Բելառուս տեղափոխելու համար։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ զրույցում հերքել է պաշտոնական Անկարայի մասնակցությունը միգրանտներին Բելառուս տեղափոխելու հարցում։