ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հետախուզ Թաթուլ Հակոբյանը որտեղ էլ լիներ` նոյեմբերի 11-ին միշտ կնոջ համար անակնկալ էր պատրաստում։ Այսօր Թաթուլի և Անահիտի ամուսնության օրն է, սակայն առաջին անգամ միայն Անահիտն է անակնկալ պատրաստել` ամուսնու հիշատակին նվիրված գիրք է գրել։ «Թիկունքում»` այսպես է կոչվում Անահիտի և Թաթուլի սիրո պատմությունը ներկայացնող գիրքը, որի շնորհանդեսն էր այսօր։
«Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին սկսեցի գիրքը գրել` ուզում էի Թաթուլի մասին պատմել, այն Թաթուլի, որին շատերը ճանաչելով իսկ` չգիտեին այնպես, ինչպես ես։ Սակայն գիրքը գրելուց որոշ ժամանակ անց կանգ առա. հասել էի հոկտեմբերի 19-ի օրը նկարագրելուն, երբ զոհվել էր Թաթուլը։ Հասկացա, որ պետք է դադար առնեմ, քանի որ ի վիճակի չէի այլևս վերապրել այդ ամենը։ Դժվար էր` եղել են օրեր, երբ մեկ նախադասություն եմ գրել, բայց մի քանի ժամ դրանից հետո լացել եմ»,–ասում է Անահիտը։
Նրա խոսքով` գրքում ներկայացված է Թաթուլի հետ իրենց հանդիպումն ու հետագա կյանքը։ Անահիտն ասում է` ամեն անգամ, երբ թևաթափ է լինում, ինքն իրեն հիշեցնում է, որ Թաթուլի նման խիզախ տղայի կեսը չի կարող թույլ լինել։ Թաթուլն ու Անահիտը փոքրիկ տղա ունեն` Մոնթեն, որի մասին նույնպես գրված է գրքում։
Անահիտ Ալեքսանյանն ամուսնու հիշատակին նվիրված «Թիկունքում» գիրքն է գրել։
© Sputnik / Karine Hovannisyan
«Գրել եմ, թե Թաթուլի զոհվելուց հետո Մոնթեն ինձ ոնց սթափեցրեց, ու ապրելու լույս ունեցա։ Նկարագրել եմ նաև իմ` առանց Թաթուլ օրերը, քանի որ ուզել եմ ցույց տալ, թե պատերազմն ինչ արեց ինձ ու ինձ նման մյուս կանանց հետ։ Նկարագրել եմ մեր գոյությունը... Գոյությունը, ոչ թե ապրելը»,–ասում է Անահիտը։
Թաթուլի զինակից ընկերը` Նարեկ Կիրակոսյանը, պատմեց, որ պատերազմի օրերին միշտ միասին են եղել, և Թաթուլը միշտ աչքի է ընկել իր անհատականությամբ։ Նարեկի խոսքով` Թաթուլը դժվար պահերին միշտ քաջալերում էր զինվորներին։
«Լինում էին պահեր, երբ անգամ հրամանատարական կազմը չէր կարողանում ճիշտ կազմակերպել ամեն ինչ, սակայն Թաթուլն արագ էր կողմնորոշվում և օգնության հասնում։ Նա շատ ճարտար լեզու ուներ, և մարդկանց հոգեբանությունը հասկանալով` ոգևորում ու ճիշտ խորհուրդներ էր տալիս»,–ասում է Նարեկը։
Նա հավելում է, որ փորձում են իրենց զոհված մարտական ընկերների ընտանիքների կողքին լինել։
«Թաթ, դու ինձ ծերությունդ պարտք մնացիր։ Երդվում եմ, Թաթ, քեզ արժանի ապրել, երդվում եմ երազանքիդ պես ներկա ու ապագա տալ Մոնթեիդ, որովհետև վստահ եմ` երբ գնացել ես գիտակցված մահվան, հավատացել ես, որ ես քո կիսատ թողածը կշարունակեմ... Խաղաղվիր, սեր իմ, խաղաղվիր... Դու իմ թիկունքում ես ու իմ սրտում հավերժորեն»,–գրված է Թաթուլի մասին գրքում։
Անահիտ Ալեքսանյանը որդու՝ Մոնթեի հետ
© Sputnik / Karine Hovannisyan
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան Թաթուլ Հակոբյանի պատմությանն անդրադարձել էր։
Հոկտեմբերի 19-ին 300 հոգանոց խմբին հրամանատարն ասել է, որ պետք է հատուկ առաջադրանք կատարեն. առաջադրանքի վայրից վերադարձի հնարավորության հույսը 1 տոկոս է եղել, քանի որ տարածքն արդեն գրավված էր։ Հետախույզ Թաթուլն առաջինն է ոտքի կանգնել ու ասել, որ պատրաստ է կատարել այդ առաջադրանքը, նրան են միացել 3 մտերիմ ընկերները, որոնցից մեկն ասել է, թե ընկերովի մահը հարսանիք է։ Թաթուլին ու նրա ընկերներին ևս 4 տղաներ են միացել և 8-ով մեկնել են։ Թշնամու ԱԹՍ–ն թիրախավորել է մեքենան և հարվածել. Թաթուլն ու իր երեք ընկերները զոհվել են...