ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ճանապարհ նշեց, որով ադրբեջանցիները կարող են ՀՀ տարածքով հասնել Նախիջևան։
«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկկ (Բջնակ, քաղաք Նախիջևանում, - խմբ.), ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ հիմա քննարկվում են այդ հարցերը։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի արագ առաջ գնալ։
ԱԽ քարտուղարը շեշտեց, որ ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ, որոշելու` որ ճանապարհները կամ մուտքերն են օգտագործվելու ապաշրջափակման համար։
Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։
Նա նաև ընդգծեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ գործարք չի լինելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի երեկվա ծանուցումից հետո (որ պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից) իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։