Չավուշօղլուն հերքել է Անկարայի կապը Լեհաստան-Բելառուս սահմանին փախստականների ճգնաժամի հետ

Թուրքիայի արտգործնախարարը առաջարկել է մասնագետներ ուղարկել միգրացիոն ճգնաժամի լուծման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Պաշտոնական Անկարան հերքել է իր մասնակցությունը միգրանտներին Բելառուս տեղափոխելու հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Միգրանտները վրաններ են տեղադրել Լեհաստանի սահմանի հետ չեզոք տարածքում
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին ապօրինի միգրացիայի հետ կապված իրավիճակը: Թուրք նախարարն ասել է, որ ցավում է, որ Անկարային փորձում են խնդրի կողմ դարձնել, թեև այդ խնդրի հետ նա կապ չունի։
Չավուշօղլուն անտեղի է համարել Անկարայի և Turkish Airlines ավիաընկերության հասցեին հնչող մեղադրանքները, Լեհաստանին առաջարկել է Թուրքիա տեխնիկական հանձնաժողով ուղարկել՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի շրջանակներում ստուգումներ անցկացնելու համար:
Լավրովն առաջարկել է ԵՄ-ին օգնել Բելառուսին միգրանտների հարցում այնպես, ինչպես Թուրքիային
Երկուշաբթի օրը Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստան-Բելառուս սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել։ Այս ամենի ֆոնին ավելի վաղ թուրքական ավիափոխադրողի հասցեին մեղադրանքներ են հնչել՝ ապօրինի միգրանտներին Բելառուս տեղափոխելու համար։