Արևմտյան մամուլը ողողված է հոդվածներով այն մասին, որ Ռուսաստանը բևեռային տարածաշրջանի յուրացման հարցում անհավանական չափով առաջ է անցել։ Հրապարակման հեղինակները ՌԴ-ի առաջընթացը համեմատում են ԱՄՆ-ի ներկայիս վիճակի հետ ու նույնիսկ ոչ թե ակնարկում, այլ ուղղակի պահանջում են թույլ չտալ ռուսների հետագա ամրապնդումը Անդրբևեռի ջրերում։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Արևմտյան լայն հանրությանը ներկայացնում են մի շարք կատարված փաստեր։ Օրինակ, որ ռուսները ամբողջ թափով իրականացնում են Մուրմանսկ-Վլադիվոստոկ տրանսարկտիկական ստորջրյա օպտիկամանրաթելային կապի նախագիծը։ 12,5 հազար կմ երկարությամբ գերարագ մայրուղին, որը ստացել է «Բևեռային էքսպրես» անվանումը, մինչև 2026 թվականը Մուրմանսկի շրջանի Տերիբերկա ավանը կկապի Հեռավոր Արևելքի Վլադիվոստոկ նավահանգստի հետ և ոչ միայն կայուն ժամանակակից կապ կապահովի, այլև հեռավոր տարածաշրջաններն ավելի մոտ կդարձնի:
Եվ սա ոչ թե առանձին նախագիծ է, այլ Հյուսիսային ծովային ուղու զարգացման 890 մլն դոլար արժողությամբ պետական ծրագրի մի մասը, ինչը նույնիսկ շատ հարուստ երկրների համար բավականին ծանրակշիռ գումար է։
Ռուսաստանը չի թաքցնում իր նպատակները։ Երկրի առջև խնդիր է դրված զգալիորեն ավելացնել Արկտիկական տարածաշրջանի տնտեսական զարգացումն ու հեռանկարները, և բացահայտորեն հռչակվող ուղենիշները լրջագույն մտահոգություն են առաջացնում օվկիանոսից այն կողմ:
Արտասահմանյան վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում հավաքական Արևմուտքի համար շատ տհաճ ևս մեկ փաստի վրա։ Ռուսաստանի արկտիկական շրջաններում ապրում է երկուսուկես միլիոն մարդ, և դա Արկտիկայի ողջ բնակչության կեսն է: Այսինքն, բևեռային շրջանից դուրս ապրող յուրաքանչյուր երկրորդ մարդը ռուս է: Այդ հողերի թույլ բնակեցումը բուն Ռուսաստանում հաճախ ներկայացնում են որպես քաղաքակրթական և ժողովրդագրական ձախողում։
Հիմարություն կլինի ժխտել բացասական միտումները, օրինակ՝ բնակչության հոսքը դեպի առավել մեղմ կլիմայով հարավային շրջաններ։ Միաժամանակ պետք է հիշել, որ նույն Կանադայում, որը շատ խիստ կլիմայով երկրի համբավ ունի, քաղաքացիների 90 տոկոսը բնակվում են հարավում՝ ԱՄՆ-ի հետ սահմանի երկայնքով։ Համապատասխան քարտեզին նայելիս պարզվում է, որ Կանադայի ամենահյուսիսային անկլավը Ալբերտա նահանգի կենտրոնն է, իսկ ավելի վեր միայն անմարդաբնակ վայրեր են։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում։
Քանի որ ռուսական պետության սոցիալական նախաձեռնությունները բավականին սայթաքուն թեմա են և կարող են սեփական իշխանությանն ուղղված ավելորդ հարցեր առաջացնել, արևմուտքի բնակչին սովորաբար վախեցնում են Կրեմլի ռազմական մեքենայով: Հաղորդվում է, որ Հյուսիսային նավատորմի կազմում ներառվել է K-329 «Բելգորոդ» ատոմային սուզանավը, որ ռուս նավաստիները Արկտիկայում փորձարկում են «Պոսեյդոն» ատոմային տորպեդը, որ Մուրմանսկում նոր ռազմակայան է կառուցվել, որ ամեն տարի ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության ծովային ստորաբաժանումներում նոր պահակային նավեր են ներառում:
Առանձին գլխացավանք է Ռուսաստանի արագ զարգացող սառցահատ նավատորմը։ Շարքում արդեն ավելի քան քառասուն նավ կա, ևս երեքը այս պահին կառուցվում են, իսկ հաջորդ տասը տարվա ընթացքում Մոսկվան նախատեսում է առնվազն ևս տասը սառցահատ կառուցել։
Այդ թվերն էլ ավելի վրդովեցուցիչ են դառնում, երբ պարզվում է, որ ԱՄՆ-ի սպառազինության մեջ ընդամենը երկու նմանատիպ նավ կա՝ Polar Star-ը և Healy-ն։ Ընդ որում, առաջինը վաղուց նշել է իր 30-ամյա հոբելյանը և գոյությունը պահպանում է բացառապես այն պահեստամասերի հաշվին, որոնք հանում են նրա երկվորյակ եղբայր Polar-ից, և տարեկան ընդամենը մեկ արշավ է իրականացնում՝ պաշարներ հասցնելով Անտարկտիկայի «ՄԱԿ-Մերդո» կայանին: Երկրորդը առհասարակ սառցահատ չէ, այլ սառցային դասի նավ, որի վրա անցած տարվա օգոստոսին լարերի կարճ միացման պատճառով ուժեղ հրդեհ է եղել։
Սառցահատային անհավասարակշռության հետ կապված իրավիճակը առավելագույնս հստակ մատնանշում է շատերի համար տհաճ այն փաստը, որ ոչ բոլոր խնդիրները կարելի է լուծել պարզապես դոլար տպող հաստոցը միացնելով։
Դեռևս Դոնալդ Թրամփը Polar Security Cutter ծրագրի շրջանակներում բյուջեից 1,2 տրիլիոն դոլար Էր հատկացրել նոր սառցահատների մշակման և կառուցման համար: Ենթադրվում էր, որ արդեն 2024-ին ամերիկյան նոր սառցահատները դուրս կգան ծովային փորձարկումների, բայց այս պահին այդ թեմայով որևէ նորություն պարզապես անհնար է գտնել:
Սակայն ամենալուրջ անհանգստությունը, որը ջանասիրաբար քողարկվում է և թաքնվում մյուս գործընթացների անտառում, մեկ այլ փաստ է առաջացնում։
Ռուսաստանը բևեռային ջրերում երկրաբանական հետախուզման լայնածավալ ծրագիր է իրականացնում։ Օգոստոսի վերջին «Բավենիտ» սառցե դասի գիտահետազոտական նավը (П-2790 նախագիծ), որն իր դասում իրավամբ տեխնիկապես առավել զինվածներից մեկն է համարվում, հետախուզական հորատում է կատարել Լապտևների ծովի՝ նախկինում չուսումնասիրված շրջաններում:
«Բավենիտը», որը կարող է ստորերկրյա երկրատեխնիկական հետազոտություններ կատարել մինչև 300 մետր խորությամբ հորատանցքերում՝ ջրի ավելի քան մեկուկես կիլոմետր խորության պայմաններում, հետազոտություններ կանցկացնի ընդարձակ տարածքներում: Դրանք հատվածներ են Կարայի ծովում (Հյուսիսային Երկրից դեպի հարավ-արևմուտք), Լապտևների ծովում (Լյախովի կղզիներից դեպի արևմուտք և հյուսիս), և հսկայական տարածքներ Արևելա-Սիբիրյան և Չուկոտյան ծովերում, որոնք պայմանականորեն կիսված են Վրանգելի կղզով։
Միաժամանակ նույն երթուղի է դուրս եկել մեկ այլ գիտական նավ՝ «Ակադեմիկոս Լազարևը»։
Եվ այստեղ անցնում ենք գլխավորին։
Ցանկացած գլոբալ գործընթաց ոչ մի դեպքում չի կարելի գնահատել ըստ առանձին իրադարձությունների։ Դա նեղացնում է ընկալման հորիզոնը և թույլ չի տալիս հասկանալ պատկերի ամբողջականությունն ու իրադարձությունների դինամիկան։ Եվ որպեսզի մեր հայացքը մի քանի շերտ ավելի խորը թափանցի, քան ԶԼՄ-ներն են պատմում, պետք է հիշել, որ Գլազգոյի վերջին կլիմայական գագաթնաժողովից բառացիորեն մեկ շաբաթ առաջ եվրոպացի պաշտոնյաները հրապարակեցին արդեն պատրաստի, այսինքն՝ վաղուց ի վեր նախապես մշակված ծրագիր Արկտիկայում երկրաբանահետախուզական և արդյունահանման գործունեության ամբողջական արգելքի մասին։
Եվրահանձնաժողովում Լիտվայի ներկայացուցիչ Վիրգինիյուս Սինկյավիչյուսը (Virginijus Sinkevičius) ներկայացրեց ինչ-որ «արկտիկական ռազմավարություն», որը ենթադրում է Եվրոպայի արմատական միջամտությունը Արկտիկայի բոլոր կլիմայական (կարդա՝ էներգառեսուրսային) գործընթացներին, ինչպես նաև լիակատար մորատորիում ածխաջրածինների հետագա հետախուզման և արդյունահանման համար: Ռազմավարությունը ենթադրում է արկտիկական երկրների հրաժարումը ցանկացած տարածքային պահանջներից նավթաբեր և գազաբեր շելֆի նկատմամբ։ Զավեշտալի է, որ նշված պետությունների մեջ չկա ԱՄՆ-ն, բայց հիշատակված են Ռուսաստանը, Կանադան և Դանիան։ Հիրավի, անհավանական պատահականություն է։
Սակայն եվրոպացի բնապահպանների շահերի շրջանակում ոչ միայն նավթն ու գազն են։ Առաջին փուլում Եվրահանձնաժողովն ուզում է իր ներկայացուցչությունը բացել Գրենլանդիայում, որի ընդերքն, օրինակ, հարուստ է ուրանով։
Արժե՞ արդյոք զարմանալ, որ եվրոպաշտոնյաների այդքան հուսակտուր ջանքերից հետո, հենց այն ժամանակ, երբ «Բավենիտն» ու «Ակադեմիկոս Լազարևը» հետախուզություն են իրականացնում սառը ծովերի ավազանում, Գլազգոյում ՌԴ նախագահի բացակայությունը այդքան նյարդայնացրեց Վաշինգտոնին։ Բնության պաշտպանության գեղեցիկ կոչերի տակ Մոսկվայի համար համալիր ծուղակ էին պատրաստել, որում, պայմաններն ընդունելու դեպքում, նա պետք է հրաժարվեր ոչ թե պարզապես սեփական բնական հարստությունից, այլև բյուջեն լցնելուց և բևեռային տարածաշրջանները զարգացնելուց։ Ռուսաստանին փաստացի առաջարկում են հեռանալ Անդրբևեռային շրջանից, փակել սոցիալական, ռազմական և էներգետիկ ծրագրերը։
Սակայն անսպասելիորեն պատրաստի սցենարը սկսեցին քանդել հենց Բրյուսելի դաշնակիցները։
«Արկտիկական ռազմավարության» վրա կտրուկ քննադատությամբ հարձակվեց Նորվեգիայի վարչապետ Յունաս Գար Սթյորեն (Jonas Gahr Støre)։
Քաղաքական գործիչը հայտարարեց, որ Նորվեգիան՝ Եվրոպային բնական գազի երկրորդ մատակարարը Ռուսաստանից հետո, մորատորիում սահմանելու դեպքում հրաժարվում է երաշխավորել էներգառեսուրսների մատակարարման հուսալիությունը, ավելին՝ նա չի օգնի ԵՄ երկրներին դեպի ոչ ածխածնային էներգետիկա «կանաչ անցման» հարցում։
Օսլոն նաև կտրականապես համաձայն չէ վտանգի տակ դնել ազգային կենսաթոշակային հիմնադրամը, որի ընդհանուր ակտիվները գնահատվում են 1,4 տրիլիոն դոլար, և որը համալրվում է հենց բնական գազի և նավթամթերքների վաճառքից ստացված եկամուտներից:
Միխայիլ Լոմոնոսովը վստահ էր, որ Ռուսաստանի հարստությունները կավելանան Սիբիրի շնորհիվ, իսկ մենք կարող ենք վստահորեն արձանագրել, որ բնական հարստություների համար գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է, և այն տեղի կունենա Արկտիկայում: Եվ որքան ավելի մեծ հաջողության հասնի այնտեղ Ռուսաստանը, այնքան ավելի բարձրաձայն են նրանից պահանջելու փակել ռազմակայանները, գիտական նավերը նավահանգիստ վերադարձնել և դադարեցնել սառցահատների կառուցումը։