ՌԱԴԻՈ

Անկանխիկ վճարումները թույլ են տալիս որոշակիորեն կանխել ստվերային շրջանառությունը. Ֆանյան

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կանխիկ գործարքների սահմանափակումների խնդրին։
Sputnik
Անկանխիկ վճարումներին անցնելը թույլ է տալիս երկրում ստվերային շրջանառությունը որոշակիորեն նվազեցնել` ուսումնասիրելով գործարքների հետագծելիությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
«Միևնույն ժամանակ խնդիրներ տեսնում եմ ներկայացված նախագծում և կարգավորումներում, որոնք լրացուցիչ ֆինանսական ծախսեր են առաջացնելու տնտեսավարողների համար, խոսքը հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների մասին է։
Անկանխիկ վճարում ու նոր ավտոբուսներ. կլուծվի՞ արդյոք տրասնպորտային խնդիրը Երևանում
Եթե հաշվի առնենք, որ ներկայումս բանկային համակարգի միջնորդավճարները կազմում են մոտ 1,5-2 տոկոս (վճարումներ ընդունելիս), ապա դա լուրջ խնդիր է առաջացնելու այն տնտեսվարողների մոտ, որոնք աշխատում են ցածր մարժայով»,– նշեց տնտեսագետը։
Ֆանյանի կարծիքով` տվյալ որոշումը մյուս կողմից խթան կհանդիսանա, որպեսզի Հայաստանում զարգանան անկանխիկ վճարումների մի շարք գործիքներ։ Տնտեսագետը կարծում է, որ առաջին փուլում տնտեսվարողներն ու սպառողները կփորձեն զարտուղի ճանապարհով շրջանցել տվյալ որոշումը, բայց որոշ ժամանակ անց անկանխիկ վճարումների պրակտիկան կվերածվի սովորական երևույթի։
«300 հազար դրամը գերազանցող գնումները կարելի է համարել խոշոր, եթե հաշվի առնենք Հայաստանում առկա նվազագույն աշխատավարձի չափը, հետևաբար ինչ–որ առումով արդարացված կարելի է համարել, որ նման գնումներն իրականացվեն անկանխիկ, որովհետև կանխիկ միջոցներով շրջանառության դեպքում Կենտրոնական բանկը հետագայում ստիպված է լինում կատարել որոշակի ծախսեր՝ մաշված թղթադրամները փոխարինելու համար»,– նշեց տնտեսագետը։
Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
Ֆանյանի դիտարկմամբ` ոչ թե պետք է քննադատել նախագիծը, այլ օպտիմալ ուղիներ որոնել՝ նոր կարգավորումների բացասական հետևանքները մեղմելու համար։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել կանխիկ եղանակով գործառնությունների իրականացման սահմանափակումներ. տնտեսավարողն իրավունք չի ունենա մերժելու անկանխիկ եղանակով վճարում կատարելու հաճախորդի պահանջը:
ՀՀ բանկային անկանխիկ համակարգը պատրաստ է 2022–ից սպասվող ծանրաբեռնվածությանը. Խաչատրյան
Կան որոշակի բացառություններ՝ կապված պետական և տեղական ինքնակառավարման բյուջեներից կատարվող վճարումների մասով, որոնք պետք է բացառապես անկանխիկ լինեն, օրինակ՝ կրթաթոշակները, ներկայացուցչական ծախսերը, գործուղման նպատակով ծախսերը: Աշխատավարձերը պետք է վճարվեն անկանխիկ: Ապահովագրական հատուցումները ևս պետք է բացառապես լինեն անկանխիկ: