ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասել է Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշում ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները։
Ռուսական կողմի հետ սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները, սակայն, շարունակվում են, ինչը նշանակում է, որ գազի գինը կարող է բարձրանալ ավելի ուշ։
Էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ քննարկումները ևս դեռ ընթացքի մեջ են: Բաղրամյանի խոսքով` այդ հարցի պատասխանը հայտնի կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, երբ հանձնաժողովը կստանա անհրաժեշտ հաշվարկները։
Բացի այդ, Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև սահմանին գազի սակագնի բանակցությունների արդյունքից։ Եթե գազը թանկանա, էլեկտրաէներգիայի թանկացումը ևս անխուսափելի կլինի։
Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը հազար խորանարդ մետր ռուսական գազը ստանում է 165 դոլար սակագնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2019 թվականի փետրվարի 1-ից հետևյալն են. ցերեկային սակագին` 40.0 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 30.0 դրամ/կՎտժ։
Անապահով խավերը վճարում են համապատասխանաբար` ցերեկը` 29.99 դրամ 1 կՎտժ–ի դիմաց և գիշերը` 19.99 դրամ