Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել «Էլկա» կենտրոնի ևս 2 երեխա

Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից հիվանդանոց է տեղափոխվել ևս 2 երեխա։ Նրանք Ինֆեկցիոն ազգային կենտրոնում են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Հայտնել էինք, որ երեկ` նոյեմբերի 9–ին, սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա, որոնցից 5–ի վիճակը ծանր էր, 3–ինը` միջին ծանրության։ Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում»–նշված է հաղորդագրության մեջ:

Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը:
Խնդրի բացահայտման հետ կապված ունենք որոշակի պատկեր. «Տաշիր պիցցայի» հայտարարությունը
Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: