Օբյեկտիվության մասին չի կարող խոսք լինել. Տոնոյանի գործով բողոքարկել են դատախազին

Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ իրենց բոլոր միջնորդությունները մերժվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ այլևս խոսք չի կարող լինել քրեական գործի քննության օբյեկտիվության մասին։ Ըստ նրանց՝ քննության կարևորագույն նպատակն է Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:
Փաստաբանները նշում են, որ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են:
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը
Մասնավորապես, Տոնոյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝ թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը, նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրել և փորձագետին բացարկ հայտնել:
Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են:
«Միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են քրգործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին»,–նշված է հայտարարության մեջ։
Դավիթ Տոնոյանն առնչություն ունի ՀՀ ամենախայտառակ ու ամենադաժան էջերի հետ. պատգամավոր
Բացի այդ, Տոնոյանը պահանջել էր իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին:
Պաշտպանական կողմը նկատում է, որ նախաքննական մարմինը նշանակել էր փորձաքննություն` նշելով, որ միայն այդ կերպ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը։ Սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն:
Դավիթ Տոնոյանի փաստաբանները ուզում են մասնակցել «անորակ» զենք-զինամթերքի փորձաքննությանը
Հավելենք, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև պաշտպանական կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին՝ ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակներում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար, զենքի առևտրական Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։