ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել թթվածնային ևս 4 կայան: Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առաջիկա անելիքների ու հոսպիտալացումների գործընթացն անխափան կազմակերպելու հարցերը նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել է քովիդ բուժհաստատությունների ղեկավարների հետ:
Նշվում է, որ հանդիպմանը մասնագետներն անդրադարձել են COVID-19-ի դեմ պացիենտների բուժման սխեմաներին, հիվանդանոցային ծանրաբեռնվածությանը, հոսպիտալացումների մեծ հոսքին, մահճակալային ֆոնդի օպտիմալ կառավարմանը։
Բուժկենտրոնների ներկայացուցիչներն ընդգծել են բուժման ուղեցույցների, պրոտոկոլներով առաջնորդվելու կարևորությունն ու համակարգված աշխատանքը։
Քննարկումների արդյունքում մասնագետներն առաջ են քաշել մի շարք համակարգային հարցեր, հանդես եկել առաջարկներով։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1675-ով և դարձել 324 039: