Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը Մեծ Բրիտանիայի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան աստիճանաբար դուրս է գալիս Արևմուտքի հսկողությունից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Մեծ Բրիտանիան միշտ էլ պրոթուրքական քաղաքականություն է վարել և նրա համար հայկական շահը երբևէ չի եղել առաջնահերթ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի պարագայում։ Պետք չէ շատ ոգևորվել և բարձրաձայն գովեստի խոսքեր հնչեցնել Մեծ Բրիտանիայի հասցեին, որովհետև խորհրդարանի ստորին պալատն է առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, և դեռ կա երկրորդ աստիճանը»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի համոզմամբ` Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու, նույնիսկ ԱՄՆ–ին չհաջողվեց Թուրքիային պահել իր ուղեծրում, հետևաբար Մեծ Բրիտանիան իր քայլով Միացյալ Նահանգներից հետո պարզապես նախազգուշացնում է Թուրքիային` սթափության կոչելով, հակառակ դեպքում երկրորդ ընթերցմամբ ընդունումը չի ուշանա։
«Այդուհանդերձ օրինագիծը իրավական, քաղաքական, տնտեսական որևէ ազդեցություն չի թողնի Թուրքիայի վրա, առավել ևս՝ չի ստիպի նրան իր հերթին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Պարզապես ցավալի է, որ հերթական հայոց ցավը մեծ տերություններն օգտագործում են իրենց շահերը սպասարկելու համար, և հենց սա է, որ մենք չպետք է թույլ տանք և հանդուրժենք»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` ՀՀ ԱԳՆ-ն Սփյուռքի հետ անշուշտ պետք է աշխատի ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, բայց նաև իր բողոքը բարձրաձայնի այդ խնդրի շահարկման առթիվ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, որը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: