Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թ-ին

Այս հատվածում խնդիր կա՝ նախորդ ընկերության նկատմամբ դատական պրոցես է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին։ Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է. Սանոսյանն ամփոփում է 100 օրը
«Մի փոքր խնդիր ունենք Աշտարակ-Թալին հատվածի հետ, քանի որ շինարարություն իրականացնող նախորդ ընկերության նկատմամբ դատական գործընթաց կա։ Այդ հատվածում երկու պրոցես ենք նախաձեռնել՝ հնարավորինս մեղմել վթարավտանգ վայրերը, կահավորել լրացուցիչ նշաններով կամ կատարել այլ շինարարական աշխատանքներ։ Մյուս գործընթացն էլ կայանում է նրանում, որ պետք է կազմակերպվի մրցութային փուլ, ընտրվի նոր շինարարական ընկերություն»,- նշեց Սանոսյանը։
Նա ընդգծեց, որ ներկայում դժվար է ժամկետներ ասել, սակայն այդ հատվածն ամենայն հավանականությամբ կավարտվի 2023 թվականին։
Հայաստանի մոտ 200 բնակավայր զրկված է տրանսպորտից․ Սանոսյան
Խոսելով Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածների մասին՝ նա նշեց, որ մեկ ուղղությամբ ճանապարհն արդեն պատրաստ է, և 2022 թվականին երկու հատվածն էլ ավարտին կհասցվի։ Մի ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ տարվա սեպտեմբերին, իսկ մյուսը՝ տարեվերջին։
Նշենք, որ 2021 թվականի օգոստոսին մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 2 հատվածի հիմնանորոգումը։ Կառավարությունը 51,1 կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար հատկացրել է 7,6 մլրդ դրամ։ Վերանորոգվող ճանապարհներից 37,3 կմ միջպետական նշանակության են, իսկ 13,8 կմ՝ հանրապետական նշանակության։