Եկեք անկեղծ լինենք։ Երբ հայտարարվեց, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին սկսվող դատավարությանը Թբիլիսիում հնարավորություն կունենա մասնակցելու նաև հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլին, նրա կողմնակիցները ողջունեցին դատավորի որոշումը՝ հայտարարելով, թե Վրաստանի նախկին նախագահն այժմ այնպիսի ֆիզիկական վիճակում է, որ սա միգուցե դատական նիստին ներկա լինելու նրա վերջին շանսն է։
Իհարկե, ոմանք էլ Սաակաշվիլիի՝ բոլորին վաղուց արդեն ծանոթ ոչ կոնվենցիոնալ պահվածքը քաղաքական ներկայացում են անվանում՝ պնդելով, թե հոկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած բանտարկյալը լավ էլ սնվել է այս 40 օրվա ընթացքում։ Սակայն բժիշկները հաստատում են՝ նախկին նախագահի առողջությունն իրոք օրըստօրե ակնհայտորեն վատթարանում է։
Այս շաբաթ Սաակաշվիլիին տեղափոխեցին բանտային հիվանդանոց, ինչի դեմ ինքը, ըստ ընդդիմության, խստորեն բողոքում է՝ պահանջելով, որ իրեն տանեն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նրան զննելու հնարավորություն կունենա անձնական բժիշկը։ Իշխանությունները պնդում են՝ բայց այդ մարդուն ոչ ոք զոռով, բռնություն կիրառելով չի տարել, հենց ինքն է համաձայնել գնալ բանտային հիվանդանոց։
Իրավապահները նույնիսկ ցուցադրել են բանտախցում նկարահանված կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին հանգիստ հավաքում իր իրերը ու առանց որևէ մեկի միջամտության դուրս գալիս խցից։ Սակայն Վրաստանի օմբուդսման Նինո Լոմջարիան բացահայտել է փոքրիկ գաղտնիքը՝ Սաակաշվիլիին ուղղակի խաբել են՝ ասելով, թե տանում են քաղաքացիական հիվանդանոց։
Ինչո՞ւ են նախկին նախագահի ստեղծած քաղաքական ուժի ներկայացուցիչները մտահոգված, որ նրան տարել են ոչ թե սովորական, այլ բանտային հիվանդանոց։ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր ամենախոշոր կուսակցության ղեկավար Նիկո Մելիան կառավարական համալիրի դիմաց շարունակվող անժամկետ հանրահավաքի մասնակիցներին ասել է. «Միխեիլ Սաակաշվիլին հիմա գտնվում է այնտեղ, որտեղ կրիմինալն է, ամենավտանգավոր հանցագործները և օրենքով գողերը։ Իշխանավորների համար ամենալավ տարբերակը կլինի, եթե նրանք անկարգություններ հրահրեն այդ բանտային հիվանդանոցում, և հարցականի տակ հայտնվեն Սաակաշվիլիի կյանքն ու անվտանգությունը»։
Բոլոր դեպքերում, իրավիճակը գնալով սկսում է նմանվել այն պատմական դեպքերին, որոնք տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում 4 տասնամյակ առաջ։ Այն ժամանակ՝ 1981 թվականին, Բոբի Սենդսը, որը Իռլանդիայի հանրապետական բանակի կազմում պայքարում էր Հյուսիսային Իռլանդիայի անկախության համար, բանտում հացադուլ նախաձեռնեց, որին հետագայում միացան նրա բանտարկված ընկերներից ոմանք։
Բայց ինչպես Վրաստանի ներկա իշխանությունները համառորեն բանի տեղ չեն դնում Միխեիլ Սաակաշվիլիի պահանջները, այնպես էլ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Մարգրեթ Թետչերը շատ կոշտ դիրքորոշում էր որդեգրել՝ ասելով. «Ժողովրդավարական երկրում մարդը ինքը իրավունք ունի տնօրինելու սեփական ճակատագիրը և որոշելու՝ ապրե՞լ, թե՞ մեռնել»։
Երբ բրիտանական պառլամենտում պատգամավորական տեղ ազատվեց, Բոբի Սենդսն ավելի քան 30 հազար ձայնով ընտրվեց ստորին պալատի անդամ։ Բայց դա էլ ամենևին չազդեց լոնդոնյան իշխանությունների վրա։ Եվ 66-օրյա հացադուլից հետո 27-ամյա Սենդսը մահացավ։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների, նրա թաղմանը եկել էր մոտ 100 հազար մարդ։ Իսկ բրիտանական խորհրդարանի միակ կոնկրետ արձագանքն այն էր, որ այս դեպքից հետո արգելվեց պառլամենտ ընտրվել բոլոր այն բանտարկյալներին, որոնք մեկ տարուց ավելի անցկացրել էին ճաղերի հետևում։ Ընդամենը այդքանը։
Դժվար թե Սաակաշվիլին չհիշեր այս պատմությունը, երբ հայտարարում էր հացադուլ սկսելու իր մտադրության մասին։ Միգուցե այնուամենայնիվ հույս ուներ, որ քանզի հենց իր անվան հետ են շատերը կապում Վրաստանի ընդգծված արևմտյան կողմնորոշումը, Արևմուտքը ճնշում կբանեցնի Թբիլիսիի վրա։ Սակայն գոնե առայժմ՝ բացի եվրոպացի առանձին գործիչների հայտարարություններից, թե նախկին նախագահի հետ կատարվողը բացասաբար է ազդում Վրաստանի իմիջի վրա, ու ամերիկյան Պետդեպարտամենտի հորդորից՝ արժանապատվորեն վարվել բանտարկյալի հետ, ավելի կոշտ ու վճռական արտահայտություններ Վրաստանի ղեկավարության հասցեին ո՛չ Բրյուսելից և Ստրասբուրգից, ո՛չ էլ Վաշինգտոնից չեն հնչում։ Եվ դա հասկանալի է՝ախր Վրաստանի գործող իշխանություններն էլ են արևմտամետ։