ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը հաղթահարել է 2020թ.-ին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած ներքաղաքական ճգնաժամը։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով դիտորդների զեկույցում։
«Ճգնաժամը լուծվել է արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով, չնայած խիստ բևեռացված հասարակական միջավայրին»,-նշվում է ԵԽԽՎ պատգամավորներ Քիմո Քիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգի (Շվեդիա) զեկույցում:
ԵԽԽՎ դիտորդների կարծիքով՝ այդ բևեռացումը, ցավոք, պահպանվում է Ազգային ժողովում և չի նպաստում իրական խորհրդարանական մշակույթի հաստատմանը, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց դեմ հանդես կգային կառուցողական և հարգալից կերպով:
Մյուս կողմից, նշում են դիտորդները, հանրապետությունում իշխանությանը հավասարակշռող և հակակշռող ուժեր են գործում, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմը։
«Մեզ մնում է Հայաստանի իշխանություններին կոչ անել ընթանալ այդ ճանապարհով և անհրաժեշտության դեպքում ապահովել այլ պետական ինստիտուտների անկախությունը, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը` դրան տալով սահմանադրական կարգավիճակ»,-ասվում է հայտարարության մեջ։
Խոսելով իշխանության ճյուղերի հավասարակշռության մասին՝ համազեկուցողները նշել են դատական համակարգի նկատմամբ վստահության ավանդաբար ցածր մակարդակը և եվրոպական չափանիշներով դատական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Մասնավորապես, դատավորները չպետք է վաղաժամկետ ազատվեն պաշտոնից առանց լուրջ մեղադրանքների, իսկ նրանց մասնագիտական ազնվությունը չպետք է կասկածի տակ դրվի:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների վիճակին` բանախոսները նշում են, որ Հայաստանի իշխանություններն արցախյան հակամարտության ավարտից հետո բախվում են ապատեղեկատվության և ագրեսիվ հռետորաբանության աննախադեպ մակարդակի: Հայտարարության մեջ նշվում է, որ դրանով են բացատրվում մարտին և հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ավելացնում են տուգանքը վիրավորանքների համար և քրեականացնում ծանր վիրավորանքները:
«Այնուամենայնիվ, դրա համար այլ եղանակներ կան, և մենք Հայաստանի իշխանություններին կոչ են անում մշակել մի ռազմավարություն, որը կանդրադառնա դրանց սեփականատերերի թափանցիկությանը և հաշվի կառնի ԶԼՄ-ների շուկայի խտությունը, ինչպես նաև լրագրողների կարգավիճակը և մամուլի ինքնակարգավորման մեխանիզմները։ Այս ամենը փոխկապակցված է ագրեսիվ հռետորաբանության տարածման հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Համազեկուցողներն այցելել են նաև Նախիջևանի հետ սահմանին գտնվող Երասխ ավան և նշել տեղի բնակիչների անվտանգության հետ կապված խնդիրները: