Արցախի իշխանության համար անհայտ է 20 մարդու ճակատագիր. օմբուդսմանը տվյալներ ներկայացրեց

Ադրբեջանի կողմից հաստատված տվյալներից բացի անհայտ է ևս 20 մարդու ճակատագիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Արցախի տասնյակ բնակիչներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ են հայտնվել։ Այս մասին Ստեփանակերտում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող 40 հայ բնակիչների մասին տվյալները։ Նրանցից երեքը քաղաքացիական անձինք են։
Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Միրզոյանն ահազանգել է ԿԽՄԿ–ին
Բացի այդ, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իշխանությանը ոչինչ հայտնի չէ 20 մարդու ճակատագրի մասին։ Նրանք հիմնականում տարեցներ ու հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: