ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը ստեղծվել է 1789 թվականին` որպես Ամերիկայի ամենահին գործադիր գերատեսչություն, իր հիմնադրումից 232 տարի անց չի կարողանում համարձակություն հավաքել՝ ասելու մի պարզ ճշմարտություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը` անդրադառնալով Շուշիի միջադեպին։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը չի կարողանում ասել մի պարզ ճշմարտություն, որ ադրբեջանցին սպանել է հայ քաղաքացիական անձի։ Այնինչ, պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ երեկ տարածած թվիթերյան գրառման մեջ նշվել է, թե դատապարտում են բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ Քարտուղարությունն օգտագործել է պասիվ բայեր, խուսափողական տերմինաբանություն և հռետորական կեցվածք` խուսափելու սառնասիրտ սպանությունը ազնվորեն բնութագրելուց»,–նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության մեջ։
Հանձնախումբը հավելում է նաև, որ այս ձախողումը հետևանք է պետքարտուղարության նախորդ անհաջողությունների՝ սկսած նրանից, որ մերժել են ԱՄՆ նախկին նախագահներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի վարչակազմին հայտնել Ադրբեջանի դաժան պատերազմական հանցագործությունները։