Շուշիի մոտ վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում. նախարար

Վիրավորվածների 2-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մեկինը՝ կայուն ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող, այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մյուս 2 վիրավորվածների Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Ադրբեջանցի զինվորն անցել է Արցախի տարածք. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել Շուշիի միջադեպից
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Նախարարը վիրավորների ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։