Ռուսաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ուղղությամբ. Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպանի բնորոշմամբ՝ Ռուսաստանը միշտ հանդես է եկել ռազմագերիների և կալանավորների փոխանակման օգտին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային և 24News-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Գիտեք, որ այս թեման մշտապես գտնվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի ղեկավարության, խաղաղապահների ուշադրության կենտրոնում։ Ոչ վաղ անցյալում Հայաստան վերադարձվեցին 5 անձինք, այդ աշխատանքը շարունակվում է»,- նշեց դեսպանը։
Կոպիրկինի խոսքով, գերիների վերադարձի հարցը առաջնահերթություններից է, և Մոսկվան կշարունակի զբաղվել դրանով։
Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինելու. ՌԴ դեսպանը` ապաշրջափակման մասին
Դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքը։
«Մենք աշխատում ենք՝ համաձայն իրավիճակի զարգացման։ Բայց կրկնում եմ՝ աշխատանքը շարունակվում է և կշարունակվի, հուսով եմ, որ խնդիրը կլուծվի»,- ասաց դեսպանը։
Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ 224 զինվորականի և 22 քաղաքացիական անձի ճակատագիր անհայտ է մնում։ Զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 113 գերիների։