ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Սուրբ Աթոռի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալլախերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի խնդրին։
Այս մասին հանդիպման ավարտին ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է նախարար Լավրովը։
«Մենք մանրամասնորեն խոսեցինք այն ջանքերի մասին, որ ձեռնարկում է Ռուսաստանի Դաշնությունը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու, վստահության ամրապնդման, Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար պայմաններ ստեղծելու համար»,– հայտնել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ բանակցությունները Վատիկանի ներկայացուցչի հետ շատ բովանդակալից են եղել։ Ռուսաստանցի պաշտոնյայի դիտարկմամբ` Սուրբ Աթոռի հետ հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ, դրանք շարունակում են աստիճանաբար զարգանալ քաղաքական երկխոսության ձևաչափով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայությունների միջոցով։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։