ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ», - լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվո՞ւմ են արդյոք երեք երկրների ղեկավարների շփումներ պայմանավորվածությունների ընդունման տարեդարձի կապակցությամբ:
Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում և բացառապես կանոնավոր հիմունքներով:
«Ինչ վերաբերում է երեքով շփվելուն, ապա եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայում կոնկրետ ոչինչ չկա», - հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: