Հիմնադրամի տնօրենը շուրջ 42 մլն դրամի հափշտակություն է արել

Հիմնադրամի տնօրենը կեղծ պայմանագրեր է կնքել իր ամուսնուն պատկանող ընկերությունների հետ։ Հարուցվել է քրեական գործ։
Sputnik
2008թ–ին Հայաստանում ստեղծված հիմնադրամից շուրջ 42 մլն դրամի հափշտակություն է կատարվել։ Բացահայտումն արել է ՀՀ ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Քննությամբ պարզվել է, որ հիմնադրամի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2014 –2021 թթ–ի ընթացքում կազմակերպել և իրականացրել է մի շարք ֆինանսական գործարքներ, որոնց շրջանակներում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 41 միլիոն 900 հազար դրամ:
Մասնավորապես, հիմնադրամը թեև ունեցել է տրանսպորտային միջոցներ ու մենեջեր-վարորդներ, բայց տնօրենը 2014 թվականի դեկտեմբերին անժամկետ պայմանագիր է կնքել ուղևորափոխադրումներ իրականացնող մի ընկերության հետ` հիմնադրամի աշխատակիցների կանչով շուրջօրյա սպասարկման համար մարդատար տաքսի ավտոմեքենանների տրամադրման վերաբերյալ։ Բացի այդ` 2018 և 2020 թթ –ին նմանատիպ 2 պայմանագիր էլ կնքել է իր ամուսնուն պատկանող զբոսաշրջության ընկերության հետ։
ԱԱԾ-ն Վայոց Ձորի մարզպետարանում հափշտակության խոշոր դեպք է բացահայտել
Արդյունքում` չմատուցված կամ մասնակի մատուցված ծառայությունների դիմաց 2016-2021 թվականների ընթացքում հիմնադրամի տնօրենն իր ամուսնու ընկերությունների հաշվեհամարներին է փոխանցվել ու այդ կերպ հափշտակել շուրջ 8 միլիոն դրամ։

Ամուսնուն պատկանող Ա/Ձ-ի և ընկերության հետ նույն տարիներին տնօրենը նաև սննդամթերքի, հիգենիկ պարագաների, տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների մատակարարման 2 պայմանագիր, որոնց շրջանակներում ընդամենը 15 միլիոն 700 հազար դրամ գումարի ապրանք մատակարարելու դիմաց հիմնադրամից փոխանցվել է ավելի քան 49 միլիոն 600 հազար դրամ գումար, որից շուրջ 33 միլիոն 916 հազարը կանխիկացվել ու հափշտակվել է։

Բացահայտումներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար:
Նշենք, որ հիմնադրամը, որի անունը ոստիկանությունը չի բացահայտում, հիմնականում իրականացրել է մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական կացության ապահովմամբ միջոցառումներ։
2008 թվականի հունիսին ստեղծված հիմնադրամի ֆինանսավորումն առավելապես իրականացվել է հիմնադրամի` ԱՄՆ ինկորպորացիայի կողմից, իսկ 2018 թվականից` նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։