ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը պատրաստվում է սահմանափակումներ կիրառել էլեկտրոնային դրամապանակների համալրման և կանխիկացման համար։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովում «Անկանխիկ գործարքների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։
Մասնավորապես, դրամապանակի գործարքները կսպասարկվեն միայն այդ դրամապանակին կցված բանկային հաշվի (քարտային կամ սովորական) միջոցով։ Եվ համալրումը, և՛ կանխիկացումը կիրականացվի միայն բանկային հաշվի միջոցով։ Այդպիսով, դրամապանակները հնարավոր չի լինի համալրել, օրինակ, վճարային տերմինալներով։ Այսպիսով էլեկտրոնային դրամապանակով անցնող ֆինանսական հոսքերն ավելի թափանցիկ կդառնան։
Նախապատրաստվող որոշումը հանրապետությունում անկանխիկ գործարքների ընդլայնման, գործարքների թափանցիկությունը բարձրացնելու և դրանց գրանցման ծրագրի մի մասն է, որը նախապատրաստել է ԿԲ–ն։