ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության նշանակությունը դժվար է գերագնահատել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերը չափազանց կարևոր ենք գնահատում, կարևոր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել դադարեցնել պատերազմը և կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով` ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում ապահովում է անվտանգությունը, փախստականների վերադարձի գործընթացը, ինչպես նաև հրադադարի մոնիթորինգ է իրականացնում։
«Դա չափազանց կարևոր է։ Այդ իսկ պատճառով ստորագրված փաստաթղթերի կարևորությունը դժվար է գերագնահատել», – ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։