«Անկախ շահարկումներից». Արծրուն Հովհաննիսյանը համաձայնել է հանձնաժողովի փորձագետ դառնալ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Հովհաննիսյանին առաջարկվել է հանձնաժողովի փորձագետ դառնալ։
«Արծրուն Հովհաննիսյանը սիրով ընդունել է այդ առաջարկը։ Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում, քանի որ նա ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերի ակունքներից սկսած։ Յուրաքանչյուր մարդու, որն իր անկեղծ ներդրումն է առաջարկել և մեր երկրի ապագային միտված գործողություններում ձեռք է մեկնել, մեր հանձնաժողովը պետք է նկատի նրան` անկախ շահարկումներից»,–ասաց Քոչարյանը։
Արծրուն Հովհաննիսյանը չի կարող ԱԺ-ում փորձագետ աշխատել, նա պատասխանող կողմ է. պատգամավոր
Նրա խոսքով` շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր մեր կյանքից վերանան։
Նշենք, որ ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար և ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին մեղադրում են նպատակաուղղված ստի և արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ փաստերը թաքցնելու մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Հովհաննիսյանը չի կարող փորձագետ լինել խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում։ Նրա խոսքով` այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել իրեն։ Ըստ Նազարյանի` փորձագետ նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս թեկնածուն պետք է ներկայացվի հանձնաժողովի անդամներին։