ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է հայ–ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու կարևորությունն ու դեմարկացիային (սահմանազատում) հաջորդող դելիմիտացիայի (սահմանագծում) գործարկումը։
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան ամեն կերպ կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, կաջակցի Հարավային Կովկասում կայունությունն, անվտանգությունը և տնտեսական զարգացումն ապահովելու հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանն ուղղված խաղաղ նախաձեռնություններին։
ՌԴ ԱԳՆ–ում կարևոր են համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով, նախևառաջ տարածաշրջանի առաջ կանգնած սոցիալ–տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԵՍԿՕ–ի և ոլորտային այլ միջազգային կազմակերպությունների ներդրումը։
«Պատրաստ ենք նաև ՌԴ մասնակցությամբ աջակցել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանրության ներկայացուցիչների երկխոսությանը` հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Հանդես ենք գալիս հանուն Հարավային Կովկասի երկրների և նրա հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման», – ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցումը մեկ տարի առաջ թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանն ու գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորման գործընթացը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կատարվում են։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ Բաքուն և Երևանը հավատարիմ են դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանն ու անվերապահ պահպանմանը։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում խաղաղ կյանքի ապահովման հարցում։ Տարածաշրջան կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է մատակարարվում (2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հունիս` 1 581 տոննա մարդասիրական բեռ և 800 տոննա շինանյութ), տարածքներ են ականազերծվում (2020 թվականի նոյեմբերից ստուգվել է 1 937 շենք, մաքրվել 2 311, 5 հեկտար տարածք և 683 կմ ճանապարհահատված, հայտնաբերվել ավելի քան 26 հազար պայթյունավտանգ առարկա)։ Վերականգնվում են ապրելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Տուն են վերադարձել շուրջ 53 հազար փախստական։
«Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացած մարդասիրական խնդիրների արագ լուծման նպատակով, այդ թվում աջակցում ենք բոլոր պահվող անձանց ազատման, անհետ կորածների ճակատագրերը պարզելու, զոհվածների մարմինների փոխանցման և ողջ ծավալով ականապատ դաշտերի ճիշտ քարտեզների տրամադրման հարցում։ Արդիական է նաև մշակութային, կրոնական և պատմական ժառանգության օբյեկտների պահպանումն ապահովելը»։
ՌԴ ԱԳՆ–ում բարձր են գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը` ընդգծելով շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը։