ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, միջազգային հանրության և ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ջանքերով հնարավոր եղավ կասեցնել ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքները անվտանգության, տնտեսական և սոցիալական խնդիրների լրջագույն մարտահրավերներ են ստեղծել մեր երկրի և ժողովրդի համար: Այս մասին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցած հոգեհանգստյան արարողության ժամանակ խոսելով Արցախյան 44–օրյա պատերազմի ու դրանից հետո ստողծված իրավիճակի մասին։
«Մեր դեմ ծառացած հիմնախնդիրների լուծման ճանապարհը մեզ պատուհասած վշտի ու հուսախաբության թոթափումն է։ Մեր սրբազան պարտքն է ծանրագույն այս փորձությունները դիմագրավել արժանապատվությամբ՝ հաստատուն պահելով մեր ժողովրդի զավակների սերն ու նվիրումը հայրենիքի, հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ, նպաստելով Հայաստանի ու Արցախի առաջընթացին, զորացնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականության նախանձախնդրությունը»,–ասել է կաթողիկոսը։
Նա ընդգծել է, որ ներկա բարդագույն իրավիճակը մեր ժողովրդի բոլոր զավակներից, իշխանություններից, հասարակական-քաղաքական կառույցներից պահանջում է միաբանվել ազգային-պետական գերագույն շահերի շուրջ, ձևավորել ներազգային համերաշխության և վստահության առողջ մթնոլորտ՝ հանձնառու գործակցությամբ և երկխոսության ճանապարհով հետամուտ լինելու երկրի առջև հառնած մարտահրավերների լուծմանը:
«Այդպես միայն մենք կարող ենք ուղղել մեր կորացած մեջքը, ցավը վերափոխել ուժի, հայրենաշեն նախաձեռնություններ ու ծրագրեր իրագործելով պահպանել մեր ազգի կենսունակությունը, հայրենիքում արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելով խրախուսել որդեծնությունը, կանխել արտագաղթը, զորացյալ ու կենսունակ պահել սփյուռքը, վերազարթոնք բերել մեր պետությանը` համատեղ ջանքեր ներդնելով տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի զարգացման գործում»,–ասել է Գարեգին Բ–ն։
Նա աղոթ է հղել առ Աստված և խնդրել, որ Տիրոջ շնորհն ու օրհնությունը լինեն մեր երկրի ու մեր ժողովրդի հետ։