ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հիշեցնենք` այսօր` նոյեմբերի 8-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել են, իսկ մեկ մարդ՝ զոհվել:
Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։