Բելառուսի և Լեհաստանի սահմանին մոտեցած փախստականների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, կազմում է 2-3 հազար մարդ։ Նրանք ծառեր են կտրում, խարույկ վառում, վրաններ խփում։ Տեղեկություններ կան, որ միգրանտները քարեր են նետում լեհ զինվորականների վրա, նրանք էլ արցունքաբեր գազ են կիրառում։
Ուսապարկերով միգրանտները գտնվում են անտառապատ տարածքում՝ փշալարերի կողքին, որի վրա լեհերենով գրված է, որ սահմանը հատել չի կարելի:
Ցանկապատի մյուս կողմում լեհական անվտանգության ուժերի զինված ծառայողներն են ու նրանց հատուկ մեքենաները, իսկ երկնքում ուղղաթիռ կա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Փախստականների թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, այդ թվում՝ նորածիններ։
Նշենք, որ այսօր ավելի քան հազար փախստական Բելառուսից սկսել են շարժվել դեպի լեհական սահման։
Լեհաստանում այդ գործողությունները կոչել են «Լեհաստանի տարածք զանգվածային ներթափանցման խոշորագույն փորձ»։
Դեռ շաբաթներ առաջ Բելառուսի և Լեհաստանի սահմանին փշալարերով ժամանակավոր պատնեշ է տեղադրվել:
Ինչպես պարզաբանել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին՝ Բելառուսի հետ սահմանին մշտական պարիսպ կկառուցվի, որը կունենա նաև շարժման արձանագրման հատուկ համակարգ։
Նախնական տվյալներով՝ նախագծի իրականացումը լեհական գանձարանի համար կարժենա 1,615 միլիարդ զլոտի (ավելի քան 400 մլն դոլար):