ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը (7 նոյեմբերի, 2021թ․). Տավուշի մարզ, Աճարկուտ համայնք
© Photo : official site of MoD of RA
Նշվում է, որ նոյեմբերի 7–ին կայացած միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։
«Դավիթը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու օր առաջ՝ Շուշիի մատույցներում»,–նշված է հայտարարության մեջ:
Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը (7 նոյեմբերի, 2021թ․). Տավուշի մարզ, Աճարկուտ համայնք
© Photo : official site of MoD of RA
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: