ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Արցախյան44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթաց կսկսվի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Գործընթացը սկսվելու է նոյեմբերի 10-ից և վճարվելու է սեպտեմբեր ու հոկտեմբերի ամիսների համար։
Նշենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն տրվելու է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանում կամ Արցախում, ինչպես նաև արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում արդեն իսկ ստացել են 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն։
Աջակցությունը տրամադրվելու է 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝ երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ, մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։
Ծրագրի շահառու են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաները, որոնց դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողն արցախահայության ծրագրերի շրջանակում նախկինում ստացել է 300,000 կամ 250,000 դրամ։
Գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
Ծրագրի շահառու դառնալու համար քաղաքացիները պետք է online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնեն։ Անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհան, ապա «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» էջ, այնուհետև «Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության դիմումներ» դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։ Պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման համար։ Դիմումի մերժման կամ հաստատման մասին անձին ծանուցում կուղարկվի: