ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. 2022թ-ի մայիսին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն կանցկացվի: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Այս որակի մրցում անգամ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: Այնպես որ, սա լուրջ նվաճումների մեջ արձանագրեք, խնդրեմ»,- ասաց նա:
Կարեն Գիլոյանը խոստացավ, որ նաև 2023թ-ին Եվրոպայի մեկ այլ առաջնություն կանցկացվի Հայաստանում, բայց արդեն ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, բայց միայն այն դեպքում, եթե մինչև 2023-ն ավարտվի Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզահամալիրի շինարարությունը:
«2 տարի հետո մենք կունենանք ոչ միայն մարզումային, այլև լուրջ մրցումային համալիր: Եթե մեր ծրագրերն իրականություն դառնան, այդ համալիրի բացումը կնշենք Եվրոպայի առաջնության անցկացմամբ: Բանակցությունները վարվում են: Եթե 2023 –ին հասցրեցինք ավարտել, ապա խոստանում եմ մի շատ կարգին Եվրոպայի առաջնություն բերել ու բացումն այդպես անել»,- ասաց Գիլոյանը:
Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարության համար նախորդ տարի պետական բյուջեից հատկացվել էր 4.8 մլրդ դրամ, որը հետագայում ավելացվել էր ևս 500 մլն-ով:
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզում կառուցվող մեկ այլ՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարությանը, Գիլոյանը հայտնեց, որ կառուցվելու է մարզիկի հայրենի գյուղում: Այս մարզադպրոցի շինարարությունը ևս բյուջեով նախատեսված է: