ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված է եղել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ հայտարարությանն այն մասին, որ եթե տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, ապա այդ երկրները սուվերեն իրավունք կունենան ճանապարհների նկատմամբ։
«Բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով ՌԴ-ն երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև մատնանշեց Թուրքիայի՝ օրերս կատարած հայտարարությունը, որում թեպետ նշվում է «միջանցք» բառը, բայց ընդգծվում է, որ այն պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ։
«Անկախ բառամթերքի նախընտրությունից՝ մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին»,- նշեց նա։
Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում շահագրգված են նաև Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան։ Նրա խոսքով՝ խնդիրն այստեղ ապաշրջափակման գործընթացի բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելն ու նույնականացնելն է։
Ընդգծում է, որ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել այս ուղղությամբ։ Նրա խոսքով՝ կատարվել է, այսպես ասած, տեխնիկական աշխատանք, թե ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել և ինչպիսիք կարող են գոյություն ունենալ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։