ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի որոշակի շրջանում սկսել է սննդային հավելումներ ընդունել, հայտարարել է Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
Արդեն 37 օրն է` Սաակաշվիլին հացադուլ է անում։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել էր, որ Սաակաշվիլին շիլա է ուտում, սակայն փաստաբաններն ու նախկին նախագահը հերքել էին այդ տեղեկությունը: Միաժամանակ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվել է վիտամիններից ու հանքանյութերից, որոնք խմել է բժշկի նշանակմամբ:
«Բանտարկյալ Սաակաշվիլին որոշակի ժամանակահատվածում սկսել է սննդային հավելումներ, ինչպես նաև բնական հյութեր ընդունել որոշակի նպատակով: Նա դիմանում է հենց այդ հավելումների շնորհիվ»,- ասել է Ցխվարաշվիլին։
Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի բանտախցից արված տեսագրությունները հրապարակելուն, ապա, նրա խոսքով, այդ հարցը քննարկման փուլում է։
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։