Դժվար թե լինի այնպիսի իրավիճակ, երբ ԱՄՆ նախագահը զրկվի ամեն տարի Ազատության աջակցության ակտի 907–րդ կետը չեղյալ հայտարարելու իրավունքից, առավել ևս, որ 2001 թվականից ի վեր բոլոր նախագահները մեկ տարով չեղարկել են արգելքը, ինչը հիմնավորվել է ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի ներգրավմամբ,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Պողոսյանի դիտարկմամբ` առայժմ ամեն ինչ ավելի շատ տեղավորվում է այն ստանդարտ վիճակի մեջ, երբ մենք ունենք նման բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հեղինակները Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հայամետ օրենսդրականներն են, մինչդեռ նրանց գաղափարներից ու ծրագրերից ոչ բոլորն են դառնում իրականություն։
«ԱՄՆ–ն իհարկե հիացած չէր 2020 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմով և առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմի մեկնարկից առաջ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը չէր քննարկվել ու չէր համաձայնեցվել ամերիկյան կողմի հետ, իսկ հետագայում Սպիտակ տան հետ չէր համաձայնեցվել նաև նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը, որի ստորագրումն իրականացվել էր առանց Միացյալ Նահանգների ներգրավման։ Հասկանալի է, որ այդ ամենը ԱՄՆ–ին չի կարող դուր գալ` անկախ այն հանգամանքից, թե ով է երկրի նախագահը»,– նշեց քաղաքագետը։
Պողոսյանի կարծիքով` մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ մեկուկես ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահներից մեկի հետ զրույցում հարց կար այն մասին, թե ինչու որևէ մեկը պատերազմի օրերին չդատապարտեց Ադրբեջանին, մինչդեռ համանախագահը նշեց, որ 1994 թվականից հետո բոլոր բանակցությունների ընթացքում միշտ եղել է ընկալում, որ ԼՂԻՄ–ից դուրս գտնվող տարածքները, բացառությամբ Լաչինի միջանցքից, պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ուստի 2020 թվականին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող էր միջազգային հանրությանն ակնարկել, որ բանակցությունների փակուղային վիճակով պայմանավորված կարող է տարածքները վերադարձնել ուժային ճանապարհով։
Նշենք, որ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան
ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ, որոնցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք են ենթադրում։ 2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։