ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները հանվել են Սիդնեյի հայտնի վայրերից։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։
Վահանակներից մեկը, օրինակ, Շուշին է պատկերել, իսկ վրան գրված է եղել «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։
Նշվում է, որ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն հրատապ հայտարարություններով է հանդես եկել, որից հետո էլ այդ վահանակները հանվել են։ Դրանք տեղադրած ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց ընկերության վահանակներն օգտագործվել են Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից վերջին էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների փառաբանման համար:
Հիշեցնենք, որ սա առաջին նման դեպքը չէ. Ադրբեջանը հաճախ է փորձում Շուշիի «միջոցով» ցավ պատճառել հայերին։ Մասնավորապես Ադրբեջանն արդեն իսկ Շուշին հայտարարել է իրենց երկրի մշակութային մայրաքաղաք և այնտեղ հաճախ է պաշտոնյաների այցեր կազմակերպում։