Շուշիի մշակույթի տան դահլիճում ոստիկանների զոհվելու փաստով քրգործ է հարուցվել

Մշակույթի տան ավերված շենքը
2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, նրանց մի մասը մահացել էր թշնամու հարվածից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 22–ին ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի կենտրոնում հրետակոծության զոհ էին դարձել ավելի քան 20 ոստիկաններ։
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին
Sputnik Արմենիան անդրադարձել էր այդ դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել մշակույթի տանը, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։
Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են ու գաղտագողի հուղարկավորել. Վլադիմիր Գասպարյան