ՀՀ և ՌԴ ԳԱԱ նախագահները համագործակցության ճանապարհային քարտեզ ստորագրեցին

ՀՀ և ՌԴ ԳԱԱ նախագահները համագործակցության ճանապարհային քարտեզ ստորագրեցին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն ու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանն այսօր Երևանում ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ ստորագրեցին։
«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե հիմա որքան կարևոր է ակադեմիաների և ինստիտուտների համագործակցությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչ բարդ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, մարդկության առջև բարդ և երբեմն վտանգավոր մարտահրավերներ են առաջանում, և դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է միավորվել, միավորել ներուժը, օպտիմալացնել համագործակցությունը գիտնականների միջև», - ասաց Սաղյանը։
Փեյնթբոլից ավելի լուրջ․ Հայաստանում նոր մակարդակի ռազմական սիմուլյատոր են ստեղծել
Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի գիտնականները հատկապես սերտորեն են կապված, քանի որ սերում են գիտությունների մի մեծ ակադեմիայից՝ ԽՍՀՄ–ից։ Ըստ Սաղյանի` թեև այսօր ավելի քան 38 պետական և ավելի քան 100 դրամաշնորհային նախագծեր են իրականացվում, բայց դա բավարար չէ:
«Պետք է ընդլայնել գործող պայմանագրերը՝ ակտիվորեն օգտագործելով հաղորդակցության ժամանակակից մեխանիզմները, և որ ամենակարևորն է՝ անհրաժեշտ է համագործակցությունը տեղափոխել այլ մակարդակի՝ ելնելով միջազգային շուկայի առաջնահերթություններից՝ հաշվի առնելով գիտության հիմնարար և կիրառական ժամանակակից մարտահրավերները», - ասաց նա:
Սերգեևն էլ նշեց, որ զարգացում ապահովելու համար պետք է օգտագործվեն հին փորձն ու նոր գործիքները։
«Աշխարհում այսօր մրցակցություն է տեխնոլոգիական ոլորտում առաջատար լինելու համար, ինչն անհնար է առանց գիտության։ Մենք ապրում ենք բարդ բազմաբևեռ աշխարհում, որտեղ նոր հզոր խաղացողներ են ի հայտ գալիս: Այս ֆոնին գիտնականների համար կարևոր է փոխգործակցությունը տարբեր երկրների միջև»,- նշեց նա։
Մշուշոտ ապագա․ ինչ է սպասվում հայագիտությանը և ինչու է պետությունն անտեսում գիտնականներին
Ստորագրված ճանապարհային քարտեզի համաձայն՝ համատեղ հետազոտություններ են նախատեսվում մաթեմատիկական և ֆիզիկական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, մեքենաշինության, մեխանիկայի, կենսատեխնոլոգիայի, բնական գիտությունների և այլ բնագավառներում:
Ալեքսանդր Սերգեևին շնորհվեց Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ։ Նիստին ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության այցի ծրագրով նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, այցելություն Մատենադարան և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: