Հայաստանյան բանկերից օտարերկրյա ավանդների 14 %-անոց արտահոսք է գրանցվել

Վիճակագրական ցուցանիշներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել են Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի 17 բանկերը միասին ունեն 917 մլրդ դրամ կապիտալ և սպասարկում են շուրջ 3.3 մլն հաճախորդների։ Վարկերն ու ավանդները հայաստանյան բանկային համակարգում հավասար են` յուրաքանչյուրը 3.9 տրիլիոն դրամի չափով։
Վիճակագրական այս ցուցանիշներն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեցին Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչները։
Ինչու են COVID-ից հետո պակասել ոչ ռեզիդենտների ավանդները. պարզաբանում
Միության տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտ (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) հաճախորդների ավանդների 14–տոկոսանոց նվազում է գրանցվել։

«Նվազումը չի կարելի ասել, որ կրիտիկական է, բայց պայմանավորված է առաջին հերթի COVID-ով։ Երբ որ COVID-ի արդյունքում սահմանային ակտիվությունը շատ երկրներում սկսեց անկում ապրել, ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում նկատվեց կապիտալի վերադարձ դեպի ծագման երկրներ» ,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի մեկնաբանմամբ` ոչ ռեզիդենտ հաճախորդների ավանդային պորտֆելը բանկային համակարգում ընդամենը շուրջ 25 տոկոս է, հետևաբար, այդ ծավալի 14 տոկոս նվազումը բանկային համակարգի վրա էական ազդեցություն չի ունենա։
Փոխարենը 2021–ի 9 ամիսերի ընթացքում 23.2տոկոսով աճել է արտերկրից Հայաստան փոխանցումների ծավալը։
Առաջին տեղում ՌԴ–ն ու ԱՄՆ–ն են։
Սա Հայաստանից դուրս բերված ֆինանսական միջոցների վերադա՞րձ է, թե՞ ուղղակի ավելացել է փոխանցումների ծավալը, միության ներկայացուցիչները դժվարացան գնահատել։
Եվրասիական բանկն ուզում է դառնալ Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուներից մեկը
Ինչ վերաբերում է վարկերին` աճ գրանցվել է գյուղատնտեսության, շինարարության ու հիփոթեքային վարկավորումների մասով։ Մնացած բոլոր ճյուղերում, այդ թվում` սպառողական վարկերի մասով, ծավալը նվազել է։
Բանկերի միության գործադիր տնօրենի դիտարկմամբ` վարկավորումը ուղիղ կապված է տնտեսության հետ. այն ավելանում է տնտեսության այն ճյուղերում, որոնցում տվյալ ժամանակահատվածում ակտիվացում է գրանցվում։