Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում նոր դինամիկա կա. Փաշինյանն ընդունել է Տուրավային

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային
Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա Մերաբ Տուրավայի առաջին արտերկրյա այցն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Փաշինյանը կարևորել է երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով կառավարման համակարգերի ընդհանրությունները:
Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները Հայաստան են եկել
«Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ արդեն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում»:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Մերաբ Տուրավան նշել է, որ Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է՝ ի վկայություն այն բանի, թե որքան է Վրաստանը կարևորում Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի զարգացումը:

Նա արդյունավետ է գնահատել հայ գործընկերների հետ քննարկումները և ամուր համագործակցությունը և ընդգծել, որ հայ-վրացական կապերի՝ վերջին շրջանի դինամիկան լավ հիմք է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար:

Հանդիպմանն արծարծվել են խորհրդարանական կառավարմանը և դրա ժողովրդավարական նշանակությանը վերաբերող հարցեր:
Վրաստանի ՍԴ նախագահը նշել է, որ Վրաստանում ոգևորիչ են համարում և բարձր գնահատում Նիկոլ Փաշինյանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում:
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նշենք, որ Վրաստանի ՍԴ նախագահը Հայաստան է ժամանել երեկ` նոյեմբերի 4–ն` երկօրյա աշխատանքային այցով։