Դատարանը հանեց Առուշանյանի տեսակցությունների արգելքը, բայց ոչ հեռախոսազանգերի

Առուշ Առուշանյանի գործով դատ
Դատարանն այս պահին նպատակահարմար չգտավ Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխել և մերժեց պաշտպանների միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը:
Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ` պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:
Եկող շաբաթ պարզ կլինի` ով կղեկավարի Գորիս խոշորացված համայնքը
Ինչ վերաբերում է Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չգտավ դա անել և մերժեց պաշտպանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատը չի վերցնի. հայրն ասել է՝ ինչու
Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Առուշանյանը, ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Համայնքապետի խոսքով` այս փուլում իր հիմնական առաքելությունը սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է։
Հոկտեմբերի 17–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գորիսում հաղթեց «Առուշ Առուշանյան» դաշինքը։